Երեւանի 40-ամյա բնակիչ, անհատ ձեռներեց Մարինե Մ.-ն մեղադրվում է մաքսանենգության մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 3-ին: Մարինե Մ.-ն, Հայաստանում վաճառելու նպատակով Թուրքիայի Հանրապետությունում ձեռք է բերել ավելի քան 4 մլն դրամ ընդհանուր արժեքով արծաթյա զարդեր եւ 52.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով արհեստական քարեր, որոնք թաքցրել է ձեռքի պայուսակի եւ ուղեբեռի տոպրակի մեջ: Դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելու միջոցով մաքսանենգությամբ, ՀՀ մաքսային սահմանի «Բավրա» մաքսակետով Մարինեն տեղափոխել է ՀՀ տարածք, որոնք անմիջապես հայտնաբերվել են:
Մարինե Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 19-ին:



























