ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու համար մեղադրվող Դավիթ Վարդանյանը, եւ Դավիթին բերման ենթարկելու օրը նրա փոխարեն բացատրություն գրած (ձերբակալվածի հայերեն չիմանալու պատճառով)  ոստիկանը՝ Զորիկ Վարդանյանը այսօր՝ մարտի 13-ին, միմյանց հակասող ցուցմունքներ տվեցին դատարանում։

Ամբաստանյալի շահերի պաշտպան Վահան Հայրապետյանը հայտարարեց, որ ձերբակալվելուց հետո կասկածյալին կերակրելու, զանգի և փաստաբան ունենալու հնարավորության հարցում իրավապահները ապօրինություններ են թույլ տվել։

«Խախտվել է մեր Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կոչվում է Սահմանադրություն, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և  մեր Քրեական դատավարության օրենսգիրքը։ 26 ժամ ո՞նց կարելի է պահել մարդուն և չթույլատրել,  որ զանգի և իր հարազատներին տեղյակ պահի»,- ոստիկանության աշխատակցին դիմեց պաշտպանը։

«Մարդու հայտարարության հիման վրա, իր ստամոքսում եղել է թմրամիջոց, հիմա թողնեինք իր առողջությանը վտանգ սպառնար, նույնիսկ անդառնալի հետևանք առաջանա՞ր, թողնեի՞նք»,-պարզաբանեց Ոստիկանության կապիտան Զորիկ Վարդանյանը, որը մասնակցել էր Դավիթ Վարդանյանին բերման ենթարկելու գործողությանը։

Մինչդեռ Դավիթ Վարդանյանը պնդեց, որ մինչև Երևան հասնելը ոստիկաններին չի ասել մատնոցով թմրանյութ կուլ տալու մասին։

Փաստաբանը նաեւ նշեց, որ ոստիկանությունում Դավիթին թույլ չեն տվել փաստաբան կանչել. «Ասում են, որ Դավիթը չցանկացավ փաստաբան ունենալ։ Մի քանի անգամ առանձնազրույցի ժամանակ ասել է՝ փաստաբան եմ խնդրել, ինձ խաբեցին, որ ես ինչ որ իրենք են ցանկանում, էդպես շարադրեմ, ինձ բաց կթողնեն, ես էլ հեքիաթներ հորինեցի։ Եթե զլացել են գտնել այն անձին, ումից Դավիթը Ագարակ ավանում գնել է այդ չարաբաստիկ հաշիշ տեսակի թմրանյութը, թող արդեն պարզաբանեն»։

Նախորդ նիստում  պաշտպանը միջնորդել էր, որ այս նիստին ցուցմունք տային նաև  դատական բժիշկները, որոնք հետազոտել էին Դավիթ Վարդանյանին։ Դատական նիստին նրանք չներկայացան, հեռախոսագրով տեղեկացրել էին, որ ծանուցագիր չեն ստացել։ Մինչդեռ դատավոր Նապոլեոն Օհանյանը ներկայացրեց անդորագրերը, որ ծանուցագրերն ուղարկված են եղել։

Դատավորի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց և կկայանա մարտի 28-ին։

Մարգարիտա Մանուկյան