Դալմայի այգիների հողօգտագործողների հարցերով զբաղվող «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը հիմնադրամին ուղղված ՄԱԿ-ի նամակին պատասխան նամակում գրելու է, որ կառավարությունը Դալմայի այգիների խնդրի հետ կապված ՄԱԿ-ի ոչ մի  հանձնարարական չի կատարում։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Ղազարյանը, որը մի քանի այլ հողօգտագործողների հետ բողոքի ակցիա էր անցկացնում Կառավարության մոտ՝ պահանջելով փոխհատուցում Դալմայի աիյգիներում իրենց նախկին հողատարածքների դիմաց։

«Հայաստանը թքած ունի ՄԱԿ-ի վրա էլ, ՄԱԿ-ի որոշումների վրա էլ, իհարկե այդքան կոպիտ չեմ գրի ՄԱԿ-ին, բայց կհասկացնեմ, որ այդպիսին է իրավիճակը»,- ասաց Ռուզաննա Ղազարյանը՝ նշելով, որ նամակում ՄԱԿ-ը ՀԿ-ներին, այդ թվում՝ «Դալմա-Սոնա» հիմադրամին հարցում է արել այն մասին, թե արդյոք կառավարությունը կատարել է իր հանձնարարարականները՝ մասնավորապես, մշակել օրենք շրջակա միջավայրի հարցերով որոշումների կայացման գործընթացին հանրության մասնակցության վերաբերյալ, եւ ապահովել անվճար դատական պաշտպանություն Դալմայի այգիների հողօգտագործողների համար։

Նրա խոսքով՝ Դալմայի այգիների հողօգտագործողները 10 տարուց ավելի պայքարում են, ու այդ պայքարի հենց սկզբին՝ 2004-ից, ՄԱԿ-ին բողոք էին ուղարկել, որ Օրհուսի կոնվենցիան է խախտվում՝ այսինքն առանց հանրության կարծիքը հարցնելու Դալմայի այգիներում իրականացվել է «անօրինական» կառուցապատում։

Նշենք, որ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանն առնչվող Օրհուսի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2001թ. մայիսի 14-ին։ Ընդունելով այս փաստաթուղթը՝ Հայաստանի կառավարությունը ճանաչել է հասարակության իրավունքը՝ մասնակցելու էկոլոգիական քաղաքականության մշակմանը և իրականացմանը։

«Հենց այդ ժամանակ էլ ՄԱԿ-ն ընդունեց որոշում, որ կառավարությունը անօրինական կերպով է Դալմայի այգիները դրել կառուցապատման տակ ու մի քանի հանձնարարականներ տվեց Կառավարությանը։ 2004, 2006, 2008թթ. այդ հանձնարարականները կրկին ուղարկվում են Կառավարություն, բայց Կառավարությունը ուղտի ականջում չէ, չգիտես ում ականջում է քնած, բացարձակ ռեակցիա չի տալիս»,-ասաց հիմադրամի նախագահը՝ ավելացնելով, որ նաեւ անցած տարի գրություն են ուղարկել նախագահի աշխատակազմին, սակայն մինչեւ հիմա դեռ պատասխան չեն ստացել։

Տիկին Ռուզաննան ասաց, որ ինքը նախագահին ուղղված նամակը ուղարկելու է Ժնեւ, որ նրանք տեսնեն, որ իրենց նամակներին երկրի ղեկավարը չի արձագանքում։

«Բողոքողների մի մասը գնացին երկրից։ Ամեն տարի Դալմայի այգիներում տարածք ունեցողներից 3-4 մարդ մահանում է, չեն դիմանում»,- ասաց Ռուզաննա Ղազարյանը՝ բացատրելով, թե ինչու շատ հողօգտագործողներ չեն մասնակցում բողոքի ակցիաներին։

Դալմայի այգու հողօգտագործողները NEWS.am-ին ասացին, որ Կառավարության նիստից առաջ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը խոստացել է նիստի ավարտին լսել իրենց։ Նիստից հետո, սակայն, Վիգեն Սարգսյանին ակցիայի մասնակիցները չհանդիպեցին ու եզրակացրեցին, որ հավանաբար հետնամուտքով է դուրս եկել։

Նշենք, որ Երեւանի «Դալմայի այգիներ» անունով հայտնի հողամասերը խորհրդային ժամանակներում պահպանվել էին իբրեւ գյուղատնտեսական տարածքներ, հիմնականում` անհատ այգետերերի ոչ մեծ հողակտորներ: 2004թ. Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք քաղաքապետարանը հատվածաբար վաճառեց Դալմայի այգիների տարածքը։ Այժմ այգիների փոխարեն առանձնատներ եւ բազմահարկ շենքեր են: Նախկին այգետերերը հիմնեցին «Դալմա-Սոնա» հիմնադրամը, եւ արդեն քանի տարի պարբերաբար բողոքում են քաղաքապետարանի եւ կառավարության շենքերի դիմաց՝ պահանջելով փոխհատուցում։