Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր՝ մարտի 13-ին այցելել է Մարտակերտ քաղաք՝ համայնքի ղեկավարի՝ 2013 թ. գործունեության հաշվետվությանը ներկա գտնվելու եւ բնակիչների հետ հանդիպելու նպատակով: Նախորդ երկու օրերին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաեւ Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում:

Արցախի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մարտի 11-ին Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր եւ Նոր Կարմիրավան համայնքների ղեկավարները, ներկայացնելով կատարված աշխատանքների հաշվետվությունները, նշեցին հատկապես բանջարաբոստանային կուլտուրաների մշակման, ծխախոտագործության, անասնապահության եւ խմելու ջրի մատակարարման ուղղություններով գրանցված հաջողությունները, իսկ առանցքային խնդիրների շարքից առանձնացրին դպրոցների շենքերի ոչ բարվոք վիճակը: Նոր Մարաղայի համայնքապետի խոսքով՝ Կանադահայ բարեգործների միջոցներով գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն: Վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի սկսվելու են Նոր Մարաղայի եւ Նոր Հայկաջուրի դպրոցների շենքերի կառուցման աշխատանքները, իսկ Նոր Սեյսուլանի դպրոցի խնդիրը մնում է օրակարգում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մի քանի օրից կսկսվի նաեւ Նոր Հայկաջուրի եւ Նոր Կարմիրավանի խմելու ջրի կանոնավոր մատակարարումը, ինչը վերջին ամիսներին այդ համայնքների հիմնական խնդիրն էր դարձել: Ա. Հարությունյանը հորդորել է գյուղացիներին ավելի ակտիվորեն զբաղվել ոչ միայն հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, այլ նաեւ ծխախոտագործությամբ, անասնապահությամբ եւ պտղատու այգիների մշակմամբ, որոնց համար կառավարությունը ստեղծում է հարմար պայմաններ:

Գործադիրի ղեկավարն այդ օրվա հանդիպումներից հետո ներկա է գտնվել նաեւ Նոր Ջրաբերդի՝ վերջերս կառուցված էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը, որով ավարտվեց Մարտակերտի շրջանի էլեկտրաֆիկացումը:

Մարտի 12-ին տեղի ունեցած` Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ղեկավարի հաշվետվության ժամանակ վերջինս ներկայացրեց կատարված աշխատանքները, որոնց շարքում առանձնացրեց ջրամատակարարման ցանցի կառուցումը: Խնդիրներից նա նշեց դպրոցի շենքի անհարմար պայմանները եւ ոռոգման ջրի պակասը: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ 2015 թ. կառավարությունն ի վիճակի կլինի ֆինանսավորել դպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները, իսկ ոռոգման ջրի խնդիրը, ըստ նրա, վերջնականորեն կլուծվի Թրղե-3 ՀԷԿ-ի շահագործմամբ:

Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի ղեկավարը ձեռքբերումների շարքից նշել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը, ռուսաստանաբնակ բարերարների միջոցներով շուրջ 10 կմ ներհամայնքային ճանապարհի խճապատումը եւ բնակիչների՝ աշխատանքով ապահովվածության բարձր տոկոսը: Խնդիրներից բնակիչներն ու համայնքապետը նշել են խմելու ջրի ներքին ցանցի ոչ բարվոք վիճակը եւ բնակարանաշինության անհրաժեշտությունը, որը պայմանավորված է գյուղի զարգացման ու ծնելիության աճի արագ տեմպերով: Իր խոսքում Ա. Հարությունյանը շեշտադրեց Հաթերքի ռազմավարական նշանակությունը ողջ հանրապետության համար եւ գոհունակություն հայտնեց համայնքի զարգացման աստիճանից: Վարչապետը տեղեկացրել է, որ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները սկսվելու են 2016 թ.-ին, իսկ բնակարանաշինության խնդիրը լուծելու համար շուտով գյուղում կմեկնարկի հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ հաշվի առնելով բնակիչների վճարունակությունը եւ գյուղի կարեւորությունը:

Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաեւ Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի համայնքապետի հաշվետվությանը, այնուհետեւ ծանոթացել է Թրղե-3 ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին: