Տասներկու օր կոմայի մեջ մնալուց հետո 2012թ. սեպտեմբերի 4-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 1 տարեկան Էլենը մոր` Լուսինե Փարսադանյանի խոսքով, կապրեր, եթե բժիշկները սխալ բուժում նշանակած չլինեին: Լուսինե Փարսադանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դիմել է ոստիկանություն, որտեղ այժմ նախաքննություն է ընթանում:

«Արաբկիրում 12 օրվա ընթացքում երեխայիս դեղի դոզան այնքան էին բարձրացրել, որ երեխան էլ կոմայից դուրս չեկավ: Հիվանդանոցում ով ոնց հասնի, էրեխուս բարձր դոզայով դեղեր նշանակեց՝ պատճառաբանելով, որ երեխուն քնացնում են, որ ուղեղը չվնասվի»,-ասաց Լուսինե Փարսադանյանը:

Նա պատմեց, որ մինչև երեխային «Արաբկիր» ԲԿ տանելը երկու անգամ տարել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «2012թ. հունիսի 6-ին էր, երեխայի մոտ քնկոտություն նկատեցի, տարա հիվանդանոց: Մեզ ընդունեց նյարդաբան Լեսյա Ալեքսեևնան, ասաց` «տիկին ջան, ձեր երեխայի վիճակը լավ չէ, չե՞ք նկատում. մազերի գույնը բաց է, քիթը փոքր է, ձեզ նման չէ, չաղ է»: Պիրացետամ նշանակեց, որն ընդունելուց մի քանի օր հետո երեխայի մոտ աղիքային ցնցումներ սկսվեցին, ու էլի շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք նույն հիվանդանոց»,-ասաց Լուսինեն` նշելով, որ հիվանդանոցում հետազոտել են ու պարզել, որ երեխայի մոտ աղիքային ինֆեկցիա կա:

Երկու շաբաթ տևած բուժումներից հետո Էլենը դուրս է գրվել: «Երեխան դուրս գրվեց շատ նորմալ, աշխույժ: Եկանք տուն, 2-3 օր հետո երեխայի մոտ աչքի, շրթունքի, թաթիկի դող նկատվեց: Տարա հիվանդանոց, բժշկուհին ասաց` դեղի դոզան բարձրացրել ենք, տարեք տուն, երբ վիճակն ավելի կբարդանա, կբերեք»,- պատմեց երեխայի մայրը, որը հիվանդանոցից վերադառնալուց հետո երեխային տարել է «Արաբկիր» ԲԿ`հույս ունենանալով, որ այնտեղ նրան կբուժեն:

«Արաբկիր տարա, երեխայիս ձեռքիցս խլեցին, տարան վերակենդանացման բաժանմունք: Խնդրում էի, որ երեխային տեսնեի, չէին թողնում: Մտնում էի, 5 րոպեից ավելի չէին թողնում մոտը մնալ: Սեպտեմբերի 3-ին գնացի երեխայի մոտ, թողեցին՝ մտա մոտը, միգուցե գիտեին, որ դա երեխայիս վերջին օրն էր: Սեպտեմբերի 4-ին գալիս եմ հիվանդանոց, ինձ ասում են՝ Էլենի մամա, ձեզ հետ տղամարդ չկա՞: Ու բժիշկն ինձ ասում ա`դե գիտեք, ձեր երեխայի վիճակը ծանր էր, նա մահացավ»,-պատմեց Էլենի մայրը` նշելով, որ ինքը չի հավատում, թե երեխան, բժիշկների ասածի պես, այդ առավոտյան էր մահացել:

Նա պատմեց, որ այդ օրը հիվանդանոցում մնացած երեխաների մայրերն իրեն ասել են, որ գիշերը երեխա է մահացել հիվանդանոցում. «Վստահ եմ, որ երեխաս է եղել, որովհետև երբ երեխաս մահացել էր, դիակն ինձ չէին տալիս, պահել էին դիահերձարանում: Ասում էին, թե թղթաբանության հետ ինչ-որ խնդիր կա: Բայց ինչի՞ էին թաքցնում: Եթե գումար էր պետք, շատ հեշտությամբ Էլենի մամային գտնում էին: Ու դա բժշկի վերաբերմո՞ւնք է, ես 12 օր բաժանմունքի վարիչից միայն լսում էի, որ երեխան ծայրահեղ ծանր ա: Մուննաթ էր գալիս, ասում էր՝ ես ժամանակ ունե՞մ»,- պատմեց Լուսինե Փարսադանյանը:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Էլենի հիվանդությունը բնածին է եղել, որը միշտ չէ, որ բուժվում է. «Շատ ծանր հիվանդությունով հիվանդ երեխա է եղել: Նա վիտամին B12 դեֆիցիտային անեմիա է ունեցել: Դա մի հիվանդություն է, որը միայն մեր հիվանդանոցում է ախտորոշվում: Եվ քանի դեռ այդ ախտորոշումը չկար, երեխեքը բոլորն էին մահանում, իսկ հիմա նրանց մեծ մասը բուժվում է»:

Կենտրոնի բժշկական տնօրենին տարօրինակ է թվում այն, որ մայրը երեխայի մահից մեկ տարի անց է որոշել բողոք ներկայացնել, եւ ենթադրում է, որ կնոջը դրդել են. «Ինքն էլ այն ժամանակ գիտեր, որ երեխայի հիվանդությունը լուրջ է ու փրկվելու հույս չկա»։

Իսկ «Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի» ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանը հրաժարեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, որ ինքը հեռախոսով ինֆորմացիա չի տալիս: