Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 62-ամյա բնակիչ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ Շիրակի կենտրոնի 1-ին տեղամասի պետի տեղակալ Աշոտ Հ.-ն մեղադրվում է ընկերությունից 1.5 մլն դրամ գողանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել 2009թ. հունվար-հուլիս ամիսներին: Աշոտ Հ.-ն բաժանորդների բնակարաններում տեղադրելու նպատակով պահեստից ստացել է վթարային անջատիչ կափույրներ եւ ազդանշանային սարքեր, ընդհանուր 1.549.804 ՀՀ դրամ արժողությամբ: Սակայն ընկերության պետի տեղակալը դրանք բնակարաններում չի տեղադրել, այլ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է:
Աշոտ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 3-րդ ենթակետով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 24-ին:



























