Երեւանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի նախկին բնակիչները՝ մոտ երեսուն մարդ, այսօր՝ մարտի 13-ին կրկին հավաքվել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ, որպեսզի հանդիպեն ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցող վարչապետին կամ Ազգային ժողովի նախագահին եւ բարձրացնեն 6 տարուց ավելի չլուծվող իրենց բնակարանների խնդիրը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստից առաջ նրանց մոտեցավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լսեց նրանց ու ասաց, որ դա իր գործը չէ։
Բնակիչները սկսեցին գոռգոռալ, թե՝ «Ձեր գործը միայն սիրիահայերին օգնե՞լն է։ Ասում եք՝ արի տուն, բայց գան տուն ի՞նչ անեն»։
Նախարարը չպատասխանեց ու հեռացավ։ Դրանից հետո բնակիչներին մոտեցավ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որը փորձեց կատակել. «Անցած անգամ եկա, մոտիկացա, էսօր էլ եկա, մոտիկացա, հաջորդ անգամ էլ գամ, առանց ձեզ մոտիկանալու չեմ կարա մտնեմ նիստի»։
Բեգլարյանը վստահեցրեց, որ Ֆիրդուսի նախկին բնակիչների խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, վարչապետը հանձնարարականներ է տվել, հետո զարմացավ՝ «ո՞նց, դուք հիմա էնտեղ չե՞ք ապրում, ես հինգ տարի ա՝ էդ մասում չեմ եղել, չգիտեի»։
Բեգլարյանի գնալուց հետո բնակիչներից մեկը սկսեց մյուսներին հանդիմանել՝ թե «ինչո՞ւ եք դրա դեմքին ժպտում»։ «Միակ մարդն ա, որը մեզ մոտենում ա»,- արդարացան բնակիչները։
Բնակիչները դիմեցին ոստիկաններին՝ խնդրելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին դուրս կանչել, ոստիկաններն ասացին, որ ԱԺ նախագահին փոխանցել են իրենց խնդրանքը։
Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակ է ժամանել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շենքի առջեւ մեծ թվով ոստիկաններ կան, գրասենյակի մոտ կարմիրբերետավորները պատ են կազմել եւ ոչ ոքի թույլ չեն տալիս մոտենալ։
2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով։ Այս տարի, բնակիչների խոսքով, վարձավճարները դեռ չեն փոխանցվել։


























