Ճգնաժամը Ուկրաինայում Ռուսաստանի պատճառով չի առաջացել, բայց այժմ պետք է մտածել, թե այդ իրավիճակում ինչպես հարաբերություններ կառուցել բոլոր գործընկերների հետ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք այսօր մեկ պլանային եւ մեկ արտահերթ հարց ունենք: Պլանայինը՝ Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների հետ ՌԴ հարաբերությունների զարգացումն է, իսկ երկրորդը, բնականաբար, մենք չենք կարող շրջանցել, իրավիճակն է Ուկրաինայի շուրջ: Ցանկանում եմ նշել, որ մեր մեղքը չկա այդ ճգնաժամում, բայց մենք այդուհանդերձ, ներգրավված ենք դրա մեջ: Ուզում եմ նշել, որ դա առաջին հերթին ներուկրաինական ճգնաժամ է: Ցավոք, մենք բոլորս հասկանում ենք, որ ներգրավված ենք: Եկեք մտածենք, թե ինչպես կառուցել հարաբերությունները մեր գործընկերների հետ Ուկրաինայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում»,- ասել է Պուտինը:



























