Մեկ մարդ զոհվել է, եւս տասը վիրավորվել են ուկրաինական Դոնեցկ քաղաքում երկու հանրահավաքների մասնակիցների միջեւ բախման հետեւանքով: Այդ մասին հաղորդում է ուկրաինական «Censor.NET»-ը՝ վկայակոչելով Դոնեցկի մարզային վարչության մամուլի ծառայությանը:

«Մարտի 13-ի ժամը 21-ի դրությամբ բժիշկների տվյալների համաձայն՝ Դոնեցկում Լենինի հրապարակում երկու միտինգների մասնակիցների միջեւ բախումների հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Եւս 10 մարդու տեղափոխել են քաղաքի բժշկական հաստատություններ: Տուժողների թվի մասին տվյալները ճշտվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է «Օստրով»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին իրավապահ մարմիններում, զոհը դանակահարվել էր: