Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտ բացվելու է Հայաստանում ձկան կերի առաջին արտադրամասը: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի հիմնադիր, «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը,մարտի 19-ին գործարանի բացմանը կմասնակցեն վարչապետ Տիգրան Սարգսյանն ու գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Գործարանը կահավորել ենք գերմանական սարքավորումներով, իսկ աշխատողների ուսուցանման համար հրավիրել էինք ոլորտում հայտնի դանիացի եւ գերմանացի մասնագետների: Բարձր եմ գնահատում նաեւ պետության աջակցությունը՝ հանձինս Գյուղնախարարության: Նրանք հետեւում էին գործարանի կառուցման ողջ ընթացքին ու միշտ պատրաստակամ էին օգնելու»,- ասաց Նիկողոսյանը: Ներմուծված ձկան ալյուրի հիման վրա գործարանն արտադրելու է տեղական կեր` թառափազգիների եւ իշխանի համար:Գործարանի արտադրողականությունը կկազմի ամսական մինչև 3 հազար տոննա: «Իհարկե, սկզբից այդպիսի հզորությամբ չենք աշխատի:
Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում նման գործարան մինչ օրս չկար, սպասում ենք ձկնաբույծների պահանջարկին: Նրանցից ոմանք արդեն փորձարկել են մեր արտադրանքի առաջին խմբաքանակներն ու գոհ մնացել»,- ասաց Նիկողոսյանը:Արտադրանքի արտահանման շուրջ արդեն վարվում են բանակցություններ հարակից երկրների ձկնաբույծների հետ:Նշենք, 2013 թ. Հայաստանից արտահանվել է շուրջ 2,2 հազ տոննա թարմ ձուկ (2012-ին` շուրջ 1,7 հազ տ.):


























