Անթույլատրելի է հերյուրանք տարածել առանց հստակ ապացույցների: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը` մեկնաբանելով իր ընկերության հասցեին կալանավորվածի հոր արած հայտարարությունը:
«Մենք աշխատում ենք արդեն 23 տարի եւ արտադրում երկրի համար կարեւորագույն ապրանք` ալյուր եւ անասնակեր: Եթե մեզ ապօրինություններ թույլ տայինք, մեզ չէին ների շուկան եւ մեր բազմաթիվ գործընկերները: Նրանցից եւ ոչ մեկից երբեւէ չեք լսի, թե «Մանանա Գրեյնը» կամ Գուրգեն Նիկողոսյանը խարդախ են, առավել եւս` գող են կամ դրամաշորթ: Նման հայտարարությունները չեմ կարող թողնել անպատասխան, ուստի կոչ եմ անում բոլորին կոռեկտ լինել եւ սպասել քննության ավարտին: Գողերը կգտնվեն եւ կդատապարտվեն», - ասաց Նիկողոսյանը: Նա համոզմունք հայտնեց, որ իրավապահ մարինները եւ դատական օրգանները իրենց աշխատանքը կատարել են հավուր պատշաճի, իսկ նրանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը պատասխանատվության պակաս համարեց:
Հիշեցնենք, օրերս HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտ Առուշանյանը, ասել է, որ իր որդուն առաջադրված մեղադրանքը արդարացի չէր, իսկ «Մանանա Գրեյնին» պատկանող 56 մլն դրամի թալանը կազմակերպել է ինքը` «Մանանա Գրեյնը»: «Մենակ մի մարդու տված ցուցմունքով տղուս դատապարտել են, բայց ես գիտեմ՝ դրա հետեւում հենց «Մանանա Գրեյն»-ն ա կանգնած»,- նշել էր Լավրենտ Առուշանյանը: Ավելի ուշ Լավրենտ Առուշանյանը ափսոսանք էր հայտնել, որ իր առաջ քաշած վարկածով վնասել է ընկերության բարի համբավին:



























