«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրան-Արեւմուտք հարաբերությունների ջերմացումը բոլորովին ուրիշ պոտենցիալ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար եւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջ դնում կոնկրետ խնդիրներ։
Եթե Իրան-Արեւմուտք հարաբերությունները շարունակեն ընթանալ կարգավորման ուղղությամբ, իսկ ամեն ինչ զարգանում է հենց այդ ուղղությամբ, դա նշանակում է մի շատ կարեւոր բան. էներգակիրները գազը, նավթը, նավթամթերքը Իրանից հոսելու են դեպի ԵՄ։ Ընդ որում, ծավալներն այստեղ աստղաբաշխական են լինելու, եւ այն երկիրը, ով կարողացավ տրանզիտի դերակատարում ստանձնել միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունենալու։
Սա բացառիկ շանս է Հայաստանի համար, եւ որքան էլ գեղեցիկ չհնչի. Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է Հայաստանի շանսերը։ Ռուսաստանը, որ սկզբունքորեն դեմ է Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության խորացմանը, խրվել է Ղրիմում եւ ըստ ամենայնի, տեսանելի ապագայում շարունակելու է խրված մնալ։ Սա մի կողմից վտանգներ է ստեղծում մեր երկրի համար, մյուս կողմից հնարավորություններ բացում։ Վտանգն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Ռուսաստանի խառը վիճակից օգտվելու եւ Ղարաբաղում պրովոկացիաների գնալու շանս տեսնել։ Բայց սա շանս է նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար. նրանք հնարավորություն ունեն ապացուցել, որ կարող են զսպող դեր կատարել տարածաշրջանում եւ թույլ չտալ Ղարաբաղի հարցի ուժային կարգավորման որեւէ փորձ։
Ինչ վերաբերում է Հայաստանի շանսին, այո Ռուսաստանի խառը վիճակից օգտվելուվ մենք պետք է փորձենք Իրանի եւ ԵՄ-ի հետ Իրան-Հայաստան նոր գազամուղ կառուցելու պայմանավորվածություն ձեռք բերել, որը մեր տարածքով կանցնի Վրաստան, կհասնի սեւ ծով, սրանից հետո էլ ավելի հեռու։ Այս հարցում մենք կրկնակի շահագրգիռ պետք է լինենք, որովհետեւ եթե նման մի նախագիծ ստացվի, դա կնվազեցնի Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից, ինչը նոր հորիզոններ կբացի հայ-վրացական համագործակցության համար»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























