Սպիտակ տունը նախկինի պես չի բացառում հարցի դիվանագիտական լուծման հնարավորությունը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին՝ պատասխանելով Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցին:

Հարցին, թե ԱՄՆ-ի վարչակազմն արդյոք վախենում է Ղրիմի հանրաքվեից հետո հնարավոր արյունահողությունից, Քարնին պատասխանել է, որ  նման «ահավոր սցենարի մասին» գուշակություններ չի ցանկանում անել:

«Ուկրաինայի կառավարությունը եւ խորհրդարանը չափազանց անհանգստացած են Ռուսաստանի գործողություններից: Մենք նույնպես: Բայց ես չեմ ցանկանում գուշակություններ անել, թե իրավիճակը որքան կսրվի: Մենք  ցանկանում ենք կենտրոնանալ լարվածության վերացման փորձերի վրա», -Քարնիի խոսքերն է  փոխանցում «Ամերիկայի ձայնը»:

Հանրաքվեից հետո ՌԴ-ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի մտադրության առնչությամբ Քարնին ասել է, որ Ռուսաստանը՝ ռուսական բաժնետոմսերը, արժույթը, արդեն հատուցել են ձեռնարկած քայլերի համար: Ինչ վերաբերում է նախագահի հրամանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման իրավունքին, շարունակվում է հնարավոր պատժամիջոցների նպատակների որոշակիացման աշխատանքը՝ արդեն իսկ տեղ գտած խախտումների համատեքստում»:

«Ես չեմ կանխատեսի, թե ինչ կլինի եթե հանրաքվեն անցկացվի եւ Ռուսաստանի կողմից օրինական ճանաչվի: Միայն կարող եմ կրկնել, որ եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման քաղաքականությունը, ապա հավելյալ գին կհատուցի», – ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Մենք հուսով ենք, որ խնդրի դիվանագիտական լուծման հնարավորություն կա,- ասել է Ջեյ Քարնին: - Չեմ կարծում, թե Մոսկվայում կասկածներ ունեն՝  որքան լուրջ ենք մենք դրան վերաբերվում  եւ խախտումների համար հատուցման գինը բարձրացնելու մեր հնարավորության վրա, եթե Ռուսաստանը չօգտագործի լարվածության վերացման իրական հնարավորությունը»: