«Վեստա» տեխնիկայի խանութ-սրահը տուգանվել է 15 մլն դրամով` անբարեխիղճ մրցակցության համար: Այս մասին որոշումն ընդունել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` մարտի 14-ի նիստում:
«Վեստա»-ի սեփականատեր «Փրիթի Ուեյ» ընկերությունն իր գովազդներում (այդ թվում` իր վաճառակետերում) նշել է, որ հանդիսանում է կենցաղային տեխնիկայի մի շարք հայտնի ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանել:
Համաձայն «Վեստայի» հայտարարության, ընկերությունը հանդիսանում է «Samsung», «Philips», «Sharp», «Panasonic», «Mastercook», «Selmer», «Ardo», «Fujitsu», «Fisher», «Fagor» ընկերությունների ներկայացուցիչը: Նշված ընկերություններից մի քանիսի մասով խանութը համագործակցության մի քանի հավաստագիր ունի, սակայն պարզվել է, որ դրանք հաստատում են միայն գործընկերային հարաբերություններ, բայց ոչ «պաշտոնական ներկայացուցիչ» կարգավիճակը:
Հանձնաժողովը տուգանք է նշանակել` համարելով, որ խանութը սպառողներին մոլորության մեջ է գցել:
Հանձնաժողովը եւս մեկ անգամ տեղեկացնում է, որ տնտեսվարողները պարտավոր են իրենց ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն:


























