Արագածոտնի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող 7 գյուղերի բնակիչների թիվը գնալով ավելանում է. նրանց են միացել նաեւ Երեւանից «Նախախորհրդարանի» անդամներ եւ բնապահպանները:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բնապահպան Եղիա Ներսիսյանն ասաց, որ կասկածում է՝ կառավարությունից ինչ-որ մեկը գա հանդիպման:

«Մենք եկել ենք ֆիզիկապես նրանց կողքը կանգնելու, եթե գյուղը նահանջի, ոչ մի ակտիվիստ, ազատամարտիկ չի գա, գյուղը պիտի իր հարցերն ինքը լուծի: Խողովակները շինհրապարակից դուրս չեն հանվել, եւ ոտնձգությունը դեռ հնարավոր է: Գյուղացիները դեռ պիտի պայքարեն, որ ամբողջ շինտեխնիկան հանվի»,- նշեց նա:

7 գյուղերի բնակիչներից մեկն էլ ասաց, թե կառավարությունը «սպիտակ եղեռն է անում ժողովրդի գլխին»:

«14-15 թվին ինչ արեց թուրքը, հիմա էդ էլ մեր հետ են անում: Խի՞ ա կառավարությունը էսօր սպիտակ եղեռն անում ժողովրդի գլխին: Փետն առել են, սաղիս լարում են, որ ի՞նչ: Ոչ մի հավատալու բան չկա, էսօր լիճը ջուր չկա, որ ջուր անենք։ Երեւի էս տարածքն ա պետք, առանց մարդկանց, որ էս գյուղերի մարդիկ քոչեն, էթան»,- ասաց նա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտոնատար անձանցից ոչ մեկը դեռ չի եկել: Այստեղ չէ նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը նախորդ անգամ՝ մարտի 6-ին, միացել էր գյուղացիներին։

Նշենք, որ այսօր՝ մարտի 14-ին, ժամը 10:00-ից Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները հավաքվել են Օհանավան գյուղում՝ հանդիպելու Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարել էր Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծել հանձնաժողով: