Աղետի գոտու բնակարանաշինության վերսկսման ժամկետը դեռեւս մնում է անհայտ: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» հ/կ՝ ներկայացնելով իր՝ «Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում» խորագրով հրապարակային հարցումը ՀՀ բարձրագույն իշխանություններին:
«Շիրակ կենտրոնը» ՀՀ քաղշիննախարարությունից ստացել է աղետի գոտու հարյուրավոր ընտանիքներին հուզուղ հարցման պատասխանը, դրանում, մասնավորապես, ասված է.
«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ուղղված Ձեր՝ 2014 թվականի փետրվարի 20-ի հարցման, Գյումրի քաղաքում բնակարանային շինարարության վերսկսման եւ շահագործման ժամկետների վերաբերյալ հայտնում եմ.
«Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 2009 թվականից մինչեւ օրս՝ կառուցվել եւ անօթեւան ընտանիքներին բաշխվել են 3783 բնակարաններ (բնակելի տներ), 382 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն, նախատեսվում է կառուցել եւս 1288 բնակարաններ (բնակելի տներ), որոնցից 608-ը՝ լրացուցիչ կառուցվողներ են: Արդյունքում ծրագրի իրականացմամբ կլուծվեն մոտ 5500 անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները...: Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ կառավարությունն՝ ընդառաջելով քաղաքացիներին, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2 անգամ երկարաձգել է, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել շահառուների ցուցակների ճշգրտման , որն էլ իր հերթին հանգեցրեց շինարարության ժամկետների ձգձգման:
Ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ 608 բնակարանի (բնակելի տան) կառուցման, այդ թվում 430 բնակարան Գյումրի քաղաքում: Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից 2013 թվականի ապրիլի 4-ի N 263 գրությամբ նախարարություն է ներկայացվել ժամանակացույց, որի համաձայն վերը նշված 430 բնակարանների շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի տարեվերջին:
Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:



























