Լոնդոնում 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանական քաղաքականության վետերան եւ նախկին պատգամավոր Թոնի Բենը: Նա մահացել է տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով: Մահվանը նախորդել էր տեւական հիվանդությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թոնի Բենը բրիտանական քաղաքականության նախորդ դարի վերջին տասնամյակների ամենաազդեցիկ լեյբորիստն էր: Նա 50 տարի եղել է խորհրդարանի անդամ, 1960-1970թթ. լեյբորիստների կառավարությունում ազդեցիկ պաշտոններ է զբաղեցրել, մասնավորապես, եղել է փոստի, ինչպես նաեւ արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար:
Վերջին տարիներին նա գլխավորում էր «Stop the War» հակապատերազմական քաղաքական կոալիցիան: XXI դարասկզբին Իրաքում եւ Աֆղանստանում ծավալված պատերազմները նա «իմպերիալիստական» էր անվանել:



























