ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովի կարծիքով՝ հարկավոր է ուկրաինական ճգնաժամի լուծում գտնել, որը հավանության կարժանանա Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից եւ «կկանխի նոր սառը պատերազմը»:
«Իմ դիրքորոշումը, իմ կոչը ուժի մեջ են մնում: Կարեւորը վտանգավոր սրացումը դադարեցնելն է, լուծում գտնելը, որը հավանության կարժանանա Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից եւ կկանխի նոր սառը պատերազմը», - նշված է Գորբաչյովի կայքում հրապարակված նամակում:
«Այժմ ՌԴ նախագահը գրեթե ամեն օր շփվում է այլ պետությունների ղեկավարների հետ: Դիվանագիտական աշխույժ շփումներ են տեղի ունենում, եւ ես չէի ցանկանա դրանց խառնվել», - նախկին նախագահի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գորբաչյովը ստեղծված իրավիճակի սկզբնապատճառը վերակառուցման ձախողումն ու ԽՍՀՄ-ի փլուզումն է համարում:
«Ես պայքարում էի միասնական պետության պահպանման համար՝ բոլոր հասանելի քաղաքական, ընդգծում եմ՝ քաղաքական միջոցներով: ՌԴ, Ուկրաինայի եւ Բելառուսի ղեկավարների Բելովեժյան համաձայնագրից եւ առաջ, եւ հետո ես զգուշացնում էին այն ժամանակվա ռուսական պետության կործանարար գործողությունների վտանգների մասին», - հստակեցրել է Գորբաչյովը:
«Ցավոք, իմ նախազգուշացումները չլսեցին: ՌԴ Գերագույն խորհուրդը ծափահարություններով ընդունեց Միության փլուզումը՝ ոչ մի խոսքով չհիշատակելով Ղրիմն ու Սեւաստոպոլը»,- հավելել է նա:
«Այսօր լրատվամիջոցների դերը հատկապես մեծ է: Չի կարելի կրքեր բորբոքել, թեժացնել մթնոլորտը: Եկեք չմոռանանք, որ խոսքը դարավոր կապերով հանգուցված երկու երկրների, երկու ժողովուրդների մասին է: Ոչ մի դեպքում պետք չէ նրանց միջեւ ողբերգական պառակտում թույլ տալ: Պետք է մարդկանց օգնել համաձայնության գալ», - ասել է Գորբաչյովը:



























