Կարեւոր չէ, թե ինչպես է իրեն կոչում քաղաքական ուժը, կարեւոր է այն, թե ինչպես է այն իրեն ներկայացնում: Այս մասին այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, արդյոք չի խանգարում չորս քաղաքական ուժերի համագործակցությանը այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի կոչում՝ մնալով որպես այլընտրանքային ուժ:
Հակոբյանի խոսքով՝ ԲՀԿ-ն վերջերս ներակայանում է ընդդիմադիրներից ոչ վատ. «Ես ԲՀԿ վարքը գնահատում եմ որպես անկախ ընդդիմադիր ուժի: Ակնհայտ է մի բան, որ եթե համագործակցության ես գնում, ապա պետք է ձեւավորվի ընդհանուր քաղաքական հարթակ՝ անկախ նրանից, թե ինչպես է իրեն կոչում: Քաղաքականության արտաքին տեսքը խափուսիկ է»:
Ի պատասխան այն հարցին, արդյոք չորս քաղաքական ուժերը մտադիր են քաղաքական աղբանոցը նետել իշխող կուսակցությանը, Հակոբյանը նշել է, որ ընթանում է պայքարի նորմալ գործընթաց. «Մենք Մտադիր չենք ոչ ոքի էլ քաղաքական աղբարկղը նետել եւ նույնը մեր հանդեպ ոչ ոք չի պատրաստվում անել: Պարզապես կան մարդիկ, որոնք շատ ծանր են տանում քաղաքական ուժերի առկայությունը, քանի որ վերջիններս պահանջում են կառավարության հրաժարականը՝ հանուն երկրի բարեկեցության»:



























