Թուրքիայում Բերքին Էլվանի թաղման հետ կապված արձակուրդից հետ կանչված ոստիկան Ու. Չ.-ն ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում է կատարել, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկան Ու.Չ.-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քո պատճառով արձակուրդս կիսատ մնաց։ Ո՞վ ես դու, արա։ Ի՞նչ մի հաց առնելու էիր գնացել։ Քո գլխին կրակած ոստիկանի ձեռքերը համբուրեմ»։

Այս գրառումը մեծ արձագանք է գտել, որի հետեւանքով ոստիկանությունը ստիպված է եղել Ու.Չ.-ին հեռացնել պարտականություններից եւ նրա դեմ ծառայողական հետաքննություն սկսել։

Նշենք, որ Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց կոմիայից դուրս չգալով օրեր առաջ մահացել էր 14-ամյա Բերքին Էլվանը։