«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, որը ՌԴ-ին նոր սուբյեկտների միացման օրինագծի հեղինակն է, առաջարկել է ռեաբիլիտացիայի ենթարկել Ղրիմի թաթարներին: Նա խոստացել է նման օրինագիծ ներկայացնել Պետդումա, եթե մարտի 16-ի հանրաքվեում ղրիմցիները ՌԴ-ին միանալու ցանկություն հայտնեն:

Միրոնովն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին ղեկավար Մուսթաֆա Ջեմիլյովի հետ, ինչից հետո Ջեմիլյովը լրագրողներին հայտնել էր, թե Ռուսաստանի նախագահը հասկացրել է, որ Մոսկվայի համար ցանկալի է թաթարների չեզոքությունը, հայտնում է NEWSru.com-ը:

Ղրիմի թաթարները խորհրդային ղեկավարության կողմից ճնշումների էին ենթարկվել 1944թ., երբ նրանց մեղադրել էին Գերմանիայի նացիստներին օգնելու համար եւ արտաքսել Ղրիմից: Ըստ պատմաբանների՝ արտաքսելիս նրանց մի մասին գնդակահարել էին: Հարկադիր վերաբնակեցման էր ենթարկվել ավելի քան 180 հազար մարդ: Նրանց մեծ մասը ուղարկվել էին Մերձավոր Ասիայի երկրներ եւ Ուրալ: 1980-ականների վերջին Ղրիմից թաթարների արտաքսումը անօրինական եւ հանցավոր էր ճանաչվել: Դրանից հետո բռնագաղթվածները սկսել էին վերադառնալ իրենց տարածքներ: