Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր չի հանդիպելու Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչների հետ, որոնք այսօր առավոտից հավաքվել են Օհանավան գյուղում՝ բողոքելու մարզում կառուցվող նոր ՀԷԿ-ի դեմ։
Այս մասին գյուղացիներին միայն երեք ժամ անց տեղեկացրեց Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը։
«Փաստեր են առաջացել, եւ կառավարության ներկայացուցիչն այսօր չի գալու, դրա փոխարեն կառավարության ներկայացուցիչները երկուշաբթի-երեքշաբթի հանդիպում կունենան յուրաքանչյուր գյուղի 15-ական բնակչի հետ»,- ասաց նա՝ հրաժարվելով մեկնաբանել, թե ինչ «փաստեր են առաջացել»։ Նա միայն նշեց, որ փոխվարչապետը գալու է ոչ թե գյուղացիներին համոզելու, այլ լսելու։ Այս խոսքերը բարկացրին գյուղացիներին, որոնք հայտարարեցին, որ գնում են Երեւան-Աշտարակ մայրուղին փակելու։
«Դեմ ենք հելնելու կառավարությանն էլ, նախագահին է։ Ոչ ոք այսօր մեզ համար չի ցավում։ Իրենք իրանց համար աթոռներին նստել են։ Ո՞վ ա ցավում ժողովրդի համար։ Շատ ենք խաբվել, էլ չենք հանդուրժելու»,- հայտարարեցին գյուղացիները ու քայլեցին դեպի մայրուղի։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ոստիկաններն արդեն պատ են կազմել ու գյուղացիներին թույլ չեն տալիս փողոց դուրս գալ։ Իրավիճակը լարված է։
Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։ Չնայած Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հավաստիացմանը, որ ՀԷԿ-ի կառուցումը վտանգավոր չէ, նրանք մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։



























