Կոալիցիայի մեջ չներառված չորս խորհրդարանական ուժերը նախ պետք է գաղափար առաջ քաշեն, որից հետո դրա շուրջ համաձայնության գան: Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Այստեղ խնդիր կա՝ ընդդիմությունն է դառնում այլընտրանք, թե՞ այլընտրանքն է դառնում ընդդիմություն: Կարծես թե առաջինն է տեղի ունենում»,-նկատել է Սահակյանը, հավելելով, որ այդ քաղաքական ուժերից որոշները հասել են նրան, որ հայտարարում են համակարգային փոփոխությունների մասին, սակայն գաղտնի են պահում, թե ով պետք է իշխանության գլխին կանգնի: Սահակյանը միաժամանակ հիշեցրել է, որ ժամանակին ներկայիս ընդդիմությունը իշխանության մի մասն էր, հետեւաբար պետք է ժողովրդին տեղեկացնեն, թե ում են մտադիր իշխանության գլխկին կանգնեցնել: Պատգամավորը նաեւ հավաստիացրել է, որ իշխող կուսակցությունը կողմ է, որպեսզի քաղաքական ուժերը կոնսոլիդացված կերպով հանդես գան:



























