Թուրքիան Ղրիմի հարցում բարդ ընտրության առաջ է: Մի կողմից, այն հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից:

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան շատ ուղղություններով կախված է Ռուսաստանից եւ չի ցանկանա վատացնել հարաբերությունները: Այս մասին մարտի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաեւ կփորձի օգտագործել Ղրիմի հարցը՝ ներքին քաղաքականության իր շահերի համար: Հովհաննիսյանը նշել է, որ հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաեւ վերջին ժամանակներում Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները, որոնք այդքան էլ լավ չեն ազդում վարչապետի վարկանիշի վրա, նա փորձում է օգտագործել տվյալ հարցը՝ զուգահեռներ անցկացնելով Մայդանի եւ Թուրքիայի բողոքի ցույցերի միջեւ՝ քաղաքացիներին ցույց տալով. «Տեսեք, թե ուր է հասցնում արտաքին ուժերի միջամտությունը»: