Lenta.ru կայքը, որի գլխավոր խմբագիրը փոխվել էր մարտի 13-ին, հաքերների հարձակման է ենթարկվել:
Գլխավոր էջ մտնելու փորձի ժամանակ մեկ ժամվա ընթացքում կայքի անհասանելի լինելու մասին հաղորդագրություն էր հայտնվում: Կայքն անհասանելի է եղել մեկ ժամից ավելի:
Պատճառը DDoS-հարձակումն է եղել: Ներկայումս կայքում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Տեխնիկական բաժնում հայտնել են, որ հարձակումը բավական հզոր է եղել, սակայն, այնուամենայնիվ, փրովայդերները կարողացել են հաղթահարել այն:
Ըստ TJournal-ի՝ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Anonymous ռուսական շարժումը, որը դա կատարել էր «lenta.ru»-ի ղեկավարության փոփոխության պատճառով:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին «lenta.ru»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից հեռացվել էր Գալինա Տիմչենկոն: Նոր գլխավոր խմբագիր էր նշանակվել Ալեքսեյ Գորեսլավսկին:
Մարտի 13-ին «lenta.ru»-ի 39 աշխատակիցներ հայտնել էին, որ լքում են խմբագրությունը՝ սեփական ցանկությամբ: Նույն օրը «lenta.ru»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը լքել էր նաեւ Յուլիա Մինդերը, հայտնում է հրատարակչությունը:


























