Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ ապրիլի 14-ը երկարացրել է ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը: Վերջինիս ուղեւորատար ավտոբուսի վթարի մեղավոր են համարում, որի արդյունքում 18 մարդ զոհվել, 40-ը վիրավորվել էին: 

Հաղորդվում է, որ մարտի 14-ին դատարանը բավարարել էր քննիչի այն միջնորդությունը, որ ՀՀ քաղաքացի Հարությունյանի նկատմամբ ավելի մեղմ  խափանման միջոց ընտրելու դեպքում վերջինս կարող է փախչել: Ներկայումս գործի քննությունն ավարտված է, մեղադրյալը ծանոթացել է քննության նյութերին: Գործը բաղկացած է 10 հատորից, կատարվել է 70 փորձաքննություն: Քննությունը պետք է մեղադրական եզրակացություն կազմի, այն թարգմանի հայերեն, ուղարկի դատախազություն՝ հաստատման համար, իսկ հետո գործը հանձնի դատարան, հայտնում է ՌԱՊՍԻ-ն: 

Նշվում է, որ Հարությունյանը դատարանի միջնորդության դեմ չի բողոքել: Նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը դեմ էր կալանքի տակ մնալու ժամկետը երկարացնելուն՝ պատճառաբանելով ընթացակարգային խախտումները: Նա խնդրել էր ազատել իր պաշտպանյալին՝ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի անձնական  երաշխավորությամբ, որը պատրաստ էր գործի քննության ժամանակ երաշխավորել Հարությունյանի դատարան ներկայանալը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի՝ մանրաքարով բեռնված բեռնատարը, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:

Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան  մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:

Հրաչյա Հարությունյանի կալանքը երկամսյա ժամկետով երկարացնելու հարցը դատարանը կքննարկի այսօր