Հայաստանի Ազգային Ժողովում քիչ առաջ ավարտվել է ոչ իշխանական 4 ուժերի եւ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության՝ շուրջ  40 րոպե տեւած հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է մարտի 22-ին կայանալիք  կուտակային  կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ակցիայի ձեւաչափը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ  Հակոբ Արշակյանը:

«Քննարկել ենք բացառապես  մարտի 22-ի բողոքի ակցիայի ֆորմատը, սակայն ընդհանուր հայտարարի դեռ չենք եկել: Առաջիկայում եւս մեկ քննարկում կլինի»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Քննարկամը մասնակցել են «Դեմ եմ» նախաձեռնության 7 անդամ, այս թվում՝ Դավիթ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը, Լեւոն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝մարտի 14-ին,Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության սենյակում, ժամը 14-ին մեկնարկել էր  4 ոչ իշխանական ուժերի եւ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամների դռնփակ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:

Նշենք,որ  նախաձեռնությունը մարտի 22-ին Ազատության հրապարակում հանրահավաք է գումարելու, որին մասնակցելու են նաեւ չորս ուժերը: