Երեւանում մարտի 22-ին խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի աջակցությամբ քաղաքացիական «Դեմ եմ» նախաձեռնությունը երթ եւ հանրահավաք կկազմակերպի: Այս մասին մարտի 14-ին լրագրողներին հայտնել է «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը՝ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի հետ հանդիպման արդյունքում:
Ըստ նրա՝ խորհրդարանական չորս ուժերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երթի եւ հանրահավաքի հետ կապված կազմակերպչական հարցեր, որոնք տեղի կունենան խորհրդարանական չորս խմբակցությունների անդամների մասնակցությամբ:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը, պատասխանելով այն մեկնաբանությանը, թե իբր «Դեմ եմ»-ը քաղաքական ուժերի կողմից է ուղղորդվում, նշել է. «Դա իրականությանը չի համապատասխանում, սակայն ես շատ ուրախ եմ, որ նման լուրեր են տարածվում, նշանակում է, որ վախենում են: Երբ նրանք միասնականություն են տեսնում, ապա փորձում են բոլոր հնարավոր միջոցներով երկպառակություն մտցնել: Որքան շատ են նման լուրեր տարածվում, այնքան ակնհայտ է դառնում, որ իշխանությունները վախենում են մեզնից: Մեզ ուղղորդում են Հայաստանի քաղաքացիների շահերը»:
Ի պատասխան այն հարցին, թե ինչ են իրենք մտադիր անել մարտի 28-ից հետո, երբ հայտնի դառնա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը, Մանուկյանը նշել է, որ ամեն ինչ կախված է ՍԴ-ի վճռից. «Պայքարը միանշանակ կշարունակվի»:



























