Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երեւանի քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրն է քննարկվել հանձնաժողովի տարեկան առաջին նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ծրագիրը բաղկացած է 9 միջոցառումներից եւ ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման, հավասար եւ մատչելի պայմաններ ապահովելու, կրթության եւ մասնագիտական ուսուցման, զբաղվածության խթանմանը եւ իրավունքների պաշտպանությանը, բժշկական օգնությանը, հասարակությանը ինտեգրվելուն ուղղված եւ այլ ծրագրեր։
«Մեր հանձնաժողովի խնդիրն է աջակցել այդ ծրագրերի իրագործմանը, դառնալ համակարգողը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ձեւավորվել է լայն ձեւաչափով, ընդգրկուն հանձնաժողով, որի վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Ծրագիրն ամբողջ տարվա համար է հաստատվելու. այսօրվա մեր նիստի խնդիրն է քննարկել 2014 թվականի գործունեության ծրագրի նախագիծը, ավարտել քննարկումը՝ նիստում արվելիք բոլոր առաջարկությունների հիման վրա հղկված ծրագրի վերջնական տեքստը Երեւանի քաղաքապետին ներկայացնելու համար։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվելու ուղղությամբ այս տարի անելիքներ շատ ունենք, հետեւաբար պետք է շատ արագ, ծրագրի հաստատումից հետո, անցնեք գործնական քայլերի։ Քաղաքապետի հանձնարարականները շատ բազմազան են, շատ պահանջկոտ։ Մենք կոչված ենք խնդիրներ լուծելու»,- նշել է Կամո Արեյանը։
Հանձնաժողովը քննարկել է ծրագրում ներառված 9 միջոցառումների բոլոր ենթակետերը եւ դրանց առնչվող առաջարկություններն ու ճշգրտումները։ Հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետներում եւս մեկ անգամ ամփոփել արդյունքները՝ ամբողջական ծրագիրը Երեւանի քաղաքապետին ներկայացնելու համար։



























