Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին իրադարձությունների լույսի ներքո մնացել է առանց աջակցության եւ ազատելով «Էրգենեկոն» պետական հեղաշրջման փորձ կատարելու վերաբերյալ քննվող գործի մասնակիցներին՝ փորձում է ղեկավարվել «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքով: Այս մասին մարտի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա նշել է, որ իշխանամետ լրատվամիջոցները, ըստ էության, «Էրգենեկոնի» գործով մեղադրանքները կեղծ են ներկայացրել եւ փորձում են համոզել, որ այն կազմակերպել էր Գյուլենի շարժումը:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարտի 30-ին կայանալիք ընտրություններում Արդարության եւ զարգացման իշխող կուսակցությունը բավական թուլացած է մասնակցում: «Սակայն Էրդողանը չի հեռանա քաղաքական ասպարեզից: Նա ներկայումս Թուրքիայի ամենաազդեցիկ անձանցից մեկն է», - հավելել է թուրքագետը:
Նշենք, որ թուրքական իշխանությունները սկսել են ազատ արձակել «Էրգենեկոնի» գործով դատապարտյալներին՝ Գյուլենի շարժման ներկայացուցիչներին դատական համակարգից հեռացնելուց հետո:



























