Գյումրիում «Շեկոյի» մահվան գործով այսօր՝ մարտի 14-ին, կայացած առաջին դատական նիստին տուժող Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութը») հրաժարվել է նախաքննական մարմնին տված իր ցուցմունքներից: Այս մասին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Այսպես, «Քավոր Հարութը» նախաքննական մարմնին տված ցուցմունքում ասել է, թե լսել է կրակոցներ, բայց չի տեսել՝ ով է կրակել, իսկ այսօր դատարանում հայտարարել է, թե ոչ մի կրակոց էլ չի  լսել, տարածքում շինարարական մեքենա է աշխատել, ընդամենը այդ մեքենայի ձայնն է լսել: Դատարանը տուժող Հարություն Խաչատրյանից հետաքրքրվել է, թե այդ դեպքում ինչու է նախաքննական ցուցմունքում նման բան գրել, ինչին ի պատասխան՝ նա հայտնել է. «Քննիչն է գրել, թող գա քննիչը, ես իրեն կասեմ, որ ես տենց բան չեմ ասել: Ես վատառողջ էի, իմ ձեռքը վնասվածք էր, ցուցմունքը ես չեմ գրել, ինչ-որ գրել է, ես տակը ստորագրել եմ»:

Նա պատմել է, որ դեպքի օրը ինքը՝ «Շեկոյի»՝ Արտյոմ Կարապետյանի հետ գնացել է մարզադահլիճ՝ վերջինիս որդուն տեսնելու, որից հետո գնացել են թիվ 7 դպրոց՝ իր դստերը վերցնելու: «Եկանք, կանգնեցինք մեր շենքի մոտ, մեքենայի դուռը բացեցի, աղջիկս իջավ, մտավ խանութ, որ պաղպաղակ գնի ու մնացածը չեմ հիշում: Ուշաթափ եղա, ուսս վնասվել էր, զգացի որ ցավում է, ձեռքս չէի կարող շարժել, բայց ուժ հավաքեցի, ոտքի կանգնեցի, եկա առաջ, տեսա՝  «Շեկոն» ընկած է, ասացի՝  հելի, վազի, մտի պադեզդ, «Շեկոն» էլ թե՝ քավոր, վիրավոր եմ, զանգի «Շտապօգնություն»: Ու տեսա՝ տղես արդեն դուրսն էր, ձեռքին էլ զենք կար, վրեն գոռացի ՝տղաս, ներս մտի, էդ էլ հետդ տար, ու գոռացի աղջկաս, որ Քնար, փախի: Ու էլ չեմ հիշում, ինձ տարել եմ հիվանդանոց: Հետո եմ իմացել, որ իմ վրա կրակել են»,- պատմեց «Քավոր Հարութը»:

Նա նշեց նաեւ, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ մեղադրյալ Վահե Ղուկասյանին չի ճանաչում, նրան տեսել է երկրորդ անգամ, առաջին անգամ՝ հիվանդանոցում՝ առերեսման ժամանակ, իսկ երկրորդ անգամ՝ այժմ՝ դատարանում: «Ոչ էլ իրենց ազգին, բարեկամներին եմ ճանաչում, ոչ էլ թշնամիներ ենք»,- ասաց «Քավոր Հարութը»:

Նրա որդին՝ այս գործով նախկին մեղադրյալ, համաներմամբ ազատ արձակված Գեւորգ Խաչատրյանը, դատական նիստին ներկա չէր: Դատարանում էին գործով երեք վկա, որոնց չհասցրին հարցաքննել, քանի որ նիստը հետաձգվել է: Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր, հավաքվել էին Վահե Ղուկասյանի ընկերները: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դահլիճում չէր, բայց նրա մեքենան դատարանի դիմաց կանգնած էր: Ամբաստանյալ Վահե Ղուկասյանը լավ տեսք ուներ՝ այնքան, որ ընկերներին դիմելով՝ ասում էր «ինչ եք դուխներդ գցել նստել, սաղ լավ կլինի»: Նա նշեց, որ հրաժարվում է իրեն առաջադրված մեղադրանքից եւ ընդամենը իրեն մեղավոր է համարուն այն բանի համար, որ զենք է կրել:

Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որ դատական նիստը հետաձգվի՝ պատճառաբանելով, որ այլ դատական նիստի է: Այդ միջնորդությունը բավարարվեց, հաջորդ դատական նիստը կկայան մարտի 19-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Մեղադրյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ ինքնապաշտպանվել է: «Ինքը մենակ է  եղել, երկու հոգի իր դեմ, ինքը ստացել է մարմնական վնասվածք, առաջինը իր վրա են սկսել կրակել, իսկ քննիչը գտնում է, որ առաջին կրակոցները Վահեի կողմից են եղել, այս հանգամանքից էլ կախված է գործի ելքը»,-ասել էր Հայկ Ալումյանը:

Ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի («Քավոր Հարութի» որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, այնուհետեւ համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: