Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության եւ դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ, 215-րդ եւ 308-րդ հոդվածներիի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային ծառայողների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանը, մաքսային տեսուչներ Բաբկեն Լեւոնյանը եւ Սարգիս Դանիելյանը 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երեւան չվերթով ժամանած իրենց վաղեմի ծանոթներ` Արթուր եւ Արմեն Ավետիսյան եղբայրների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, ավելի ամրապնդելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ եւ չեն կատարել ծառայողական պարտականությունները:
Արթուր եւ Արմեն Ավետիսյան եղբայրների բանավոր հարցման, նրանց ուղեբեռերի, ապրանքների զննման ժամանակ հայտնաբերելով չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` չեն պահանջել դրանց հայտարարագրում, հագուստում պահված ապրանքների հայտնաբերման նպատակով չեն կատարել նրանց անձի քննում, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելով` չեն կազմել համապատասխան արձանագրություն, դրան հակառակ` եղբայրներին են հանձնել նրանց ուղեբեռը, մաքսային հսկողության սրահում ներկա կողմնակի անձանց մոտ ձեւացրել են, թե գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չեն հայտնաբերվել:
Արթուր Բաբայանի, Բաբկեն Լեւոնյանի եւ Սարգիս Դանիելյանի գործողությունների հետեւանքով Արթուր եւ Արմեն Ավետիսյան եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաեւ հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 17.660.000 ՀՀ դրամ արժեքով բջջային հեռախոսներ, պլանշետային եւ խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ եւ էլեկտրոնային այլ տեխնիկա:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում մաքսանենգության մեջ մեղադրվող Արմեն Ավետիսյանի, ինչպես նաեւ դրան օժանդակող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:



























