Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի բնակիչներն այսօր` մարտի 14-ին, դուրս եկան Երեւան-Ապարան մայրուղի` այն փակելու համար, սակայն հետո որոշեցին չփակել այն ու սպասել հաջորդ շաբաթ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Օհանավան գյուղի բնակիչներից Դորվարդ Կարապետյանը, որը ներկա էր եղել գյուղապետերի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մարտի 7-ի հանդիպմանը, գյուղացիներին ասաց, որ ոստիկանապետն ասել է՝ ՀԷԿ չի կառուցվելու: Գյուղացիները, սակայն, ցանկանում են տեսնել, որ խողովակները հեռացված են շինհրապարակից։

«Էսօր մեզ խաբեցին, չեկան, ասեցին, թե զբաղված են: Սպասելու ենք, մինչև հանձնաժողովը գա: Որոշել են, որ գան հանրային լսումներ անեն, որոնք նախօրոք պետք է անեին: Բայց ինչ ել գան, ասեն, ժողովրդի կողմնորոշումը մեկն է, որ ՀԷԿ-ը չկառուցվի: Որոշումը իրենցն է, իրենք են ստիպում, որ ժողովուրդը ծայրահեղ քայլի գնա: Ժողովուրդը ուրիշ քայլ չի տեսնում, դրա համար էլ մայրուղին փակում ա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օհանավան գյուղի բնակիչ Ալեքսան Խարբերդյանը: Նա նշեց, որ եթե կրկին հանդիպումը հետաձգվի, իրենք կշարունակեն իրենց բողոքը: Հիշեցնենք, որ այսօր առավոտից գյուղացիները սպասում էին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որը նրանց տեղեկություններով պետք է գնար իրենց հետ հանդիպման։ Կարբի գյուղի գյուղապետ Կարեն Բաղդասարյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի։ Գյուղացիները NEWS.am-ին ասացին, որ գյուղապետներն են իրենց տեղեկացրել հանդիպման մասին։

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր  Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 61-րդ նիստի աշխատանքներին:

Գյուղապետերն ամբողջ ժամանակ ջանք չէին խնայում բնակիչներին համոզելու, որ հեռանան, նրանք նաեւ վիճում էին Երեւանից Օհանավան գնացած բնապահպանների հետ՝ պնդելով, որ բնապահպաննները չպետք է միջամտեն այդ գործին։

Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։ Չնայած Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հավաստիացմանը, որ ՀԷԿ-ի կառուցումը վտանգավոր չէ, նրանք մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։