Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաեւ համայնքների բնակիչների հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մեկնաբանելով գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները:
Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն:
Իսկ տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նման հանդիպման հարց չի քննարկվել, եւ փոխվարչապետն այսօր Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին:
Միաժամանակ խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն ափսոսանք է հայտնում տարաբնույթ շահարկումների եւ ապատեղեկատվության տարածման առնչությամբ, որոնք թյուրիմացության մեջ են գցում համայնքների բնակիչներին:
Նշենք, որ Արագաշոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ այսօր բողոքի ակցիա են արել ճանապարհին՝ բողոքելով կառուցվող ՀԷԿ-ի դեմ:
Փոխվարչապետը չեկավ, գյուղացիները կրկին փակում են Երեւան-Ապարան ավտոմայրուղին


























