Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղում ՀՀԿ-ական գործող եւ վերընտրված գյուղապետի միջեւ մարտի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մարտի 3-ին հաղորդում է ստացվել, որ Սիս գյուղի վերջնամասում ծեծկռտուք է, իսկ մարտի 13-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղում ՀՀԿ-ական գործող եւ վերընտրված գյուղապետի կողմից կրակոցներ են հնչել: Միջադեպը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհիվ կոծկվել է, ոստիկանությունում հարուցված քրգործը՝ փակվել:

«Այստեղ առաջադրվել են ՀՀԿ-ական Արմեն Եղոյանը (ով նաեւ վերընտրվել է) եւ անկուսակցական  Պարույր Մնացականյանը, որին, ըստ որոշ լուրերի, սատարում էր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Ընտրություններից օրեր առաջ երկու համախոհների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Բանը հասել է նրան, որ ՀՀԿ-ական Արմեն Եղոյանն օդ է կրակել, իսկ նրան ու իր կողմնակիցներին այնպես են ջարդել, որ ընտրությունների օրը Եղոյանն ու եղբայրը մուգ սեւ ակնոցներով են շրջել: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի հովանավորչությունը վայելող գյուղապետը «ջրից չոր է դուրս եկել» եւ այժմ կրկին վայելում է իր աթոռը»,- գրել է թերթը: