Չորս խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների նիստի ժամանակ կրկին վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնության ժամկետների վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ մարտի 19-ին կկայանանույն ձեւաչափով հաջորդ նիստը. «Այսօր ժամանակը չբավարարեց՝ քննարկելու բոլոր հարցերը ու նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ: Մենք քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ կառավարությանն անվստահություն հայտնելու քաղաքական ու տնտեսական հարթակը, որը կնախաձեռնվի առաջիկայում»:
Հակոբյանը նաեւ նշել է, որ «Ժառանգությունը» դնում է երկրում արմատական իշխանափոխության հարցը, միաժամանակ գիտակցելով, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանա իրավիճակը միայնակ փոխել: Ի պատասխան այն հարցին, թե երբ չորս քաղաքական ուժերը կփորձեն խորհրդարանի միջոցով անվստահություն հայտնել կառավարությանը, նա հավաստիացրել է.«Մենք բավականին մոտ ենք դրան»:



























