ԵՄ-ի փորձագետները եւ դիվանագետները կազմել են ռուսաստանցի 120-130 բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական կազմակերպությունների ղեկավարների նախնական ցանկը, որոնց կվերաբերեն պատժամիջոցները՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված: 

ԵՄ-ի ղեկավարությունը մտադիր է տվյալ ցանկը մանրամասն ուսումնասիրել մարտի 17-ին՝ ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման ընթացքում, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ ԵՄ-ի երկրները համաձայնեցրել էին նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը, այդ թվում նաեւ վիզային սահմանափակումներ եւ  այն անձանց հաշիվների սառեցումը, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության խախտման մեջ: Ռուսաստանում ԵՄ-ի դեսպան Վիգաուդաս Ուշացկասը հայտնել էր, որ ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի հնարավոր վիզային սահմանափակումները շարքային ռուսներին չեն վերաբերի: 

Մոսկվայից էլ հայտարարել էին, որ հնարավոր պատժամիջոցների վնասը փոխադարձ կլինի: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նշել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել հնարավոր պատժամիջոցներին: