Ռուսաստանում ուկրաինացիներ Օլեգ Տյագնիբոկի, Դմիտրի Յարոշի եւ Ուկրաինայի ազգային ասամբլեայի ու ժողովրդական ինքնապաշտպանության այլ անդամների դեմ քրեական գործ է հարուցվել՝ Հյուսիսային Կովկասում ահաբեկիչների առաջնորդներ Շամիլ Բասաեւի եւ Խատաբի հանցախմբին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ըստ Մարկինի՝ «ՌԴ Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի ՔԿ-ի քննչական վարչության կողմից քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ազգային ասամբլեայի ու ժողովրդական ինքնապաշտպանության անդամներ Իգոր Մազուրի, Վալերի Բոբրովիչի, Դմիտրի Կորչինսկու, Անդրեյ եւ Օլեգ Տյագնիբոկների, Դմիտրի Յարոշի, Վլադիմիր Մամալիգի եւ այլոց նկատմամբ: Նրանք կասկածվում են ՌԴ ՔՕ-ի 209-րդ հոդվածի 1, 2 մասերով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ»:
«Շամիլ Բասայեւի եւ Խատաբի գլխավորությամբ Չեչնիայի Հանրապետության տարածքում Պսկովի 76-րդ դիվիզիայի զինծառայողների դեմ ապօրինի հանցախմբերի հակամարտության վերաբերյալ քրեական գործը քննելիս տեղեկություններ էին ստացվել Ուկրաինայի ազգային ասամբլեայի ու ժողովրդական ինքնապաշտպանության անդամներից հանցախմբեր կազմակերպելու եւ դաշնային ուժերի դեմ 1994-1995 թթ. չեչեն անջատականների կողմում ռազմական գործողություններին մասնակցելու մասին», - նշել է ՔԿ-ի ներկայացուցիչը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՌԴ ՔԿ-ն մտադիր է հեռակա կարգով մեղադրանք ներկայացնել եւ հետախուզում հայտարարել բոլոր կասկածյալների նկատմամբ:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել էր Դմիտրի Յարոշին հեռակա կարգով մեղադրանք ներկայացնելու եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ միջնորդությունը:



























