Ներկայումս խորհրդարանական ոչ իշխանական ուժերին միավորում է (ինչպես հաճախ լինում է հայկական քաղաքականության մեջ) ամրապնդվելու ձգտումն այնտեղ, որտեղ գերիշխում է մյուս ուժը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի այն հայտարարությանը, ըստ որի իրենց կուսակցությունը չի ցանկանում գլխավորել կառավարությունը, սակայն 4 խորհրդարանական ուժերը խորհրդարանի օրակարգ կմտցնեն Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելուն, Մարկարովն ընդգծել է, որ դա կարող է անել միայն խորհրդարանական մեծամասնությունը: «Քանի դեռ տվյալ քաղաքական ուժերը չունեն մեծամասնություն, իսկ գոյություն ունեցող մեծամասնությունը չի ձգտում անվստահություն հայտնել կառավարությանը, ներկա կառավարությունը կլինի իշխանության: Այսինքն, տվյալ դեպքում, կառավարությանն անվստահություն հայտնելը յուրօրինակ ծես է, որի մասին խոսում են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները:
Սակայն ծիսական ծառայություններ կառավարությանը նրանք չեն կարող մատուցել՝ կապված իրենց փոքրաթիվ լինելու հետ»,-նկատել է քաղաքագետը:
Ցավոք, ընդգծել է Մարկարովը, ոչ իշխանական ուժերին միավորող գաղափարը, եթե այդպիսին կա, այս պահին այն է, որ այդ քաղաքական ուժերը շատ բացասաբար են վերաբերվում իշխող էլիտային:
«Եթե նրանց միավորումը կայանա բացասական կոնսենսուսի հիմքի վրա, այն հետագա քայլերի հարցում կհանգեցնի դիսոնանսի: Նրանք, գուցե գիտեն, թե ինչից սկսել, բայց հետագայում ինչ անելու հարցում դեռեւս պարզություն չկա: Որն է այն կառուցողական ծրագիրը, որն առաջարկում են տվյալ քաղաքական ուժերը, եթե իրենք որոշում կայացնելու հնարավորություն ստանան»,-հացադրում է արել քաղաքագետը՝ ընդգծելով, որ նեգատիվն այն հիմքը չէ, որի վրա կարելի է պոզիտիվ քաղաքական կոալիցիա ձեւավորել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























