Ղրիմը Մոսկվայից 1 մլրդ դոլարի չափով օգնություն է խնդրել՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար: Այս մասին Բրյուսելում ռուսաստանցի լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
«Մեկ մլրդ դոլարը Ղրիմի Ինքնավար Հանրապետության բյուջեի դեֆիցիտը փակելու համար է, որը կարող է առաջ գալ այն դեպքում՝, եթե Ուկրաինայից տրանսֆերները չստացվեն: Ես կարծում եմ, որ մենք չպետք է որոշում ընդունենք ամբողջ մեկ մլրդ դոլարի համար, մենք պետք է որոշում ընդունենք Ղրիմի բյուջեի տեխնիկական լրացման համար, ամեն ամիս հատկացնելով 80-90 մլն դոլար»,-պարզաբանել է Ուլյուկաեւը:
Նրա խոսքով՝ նման որոշում պետք է ընդունվի ցանկացած դեպքում՝ անկախ հանրաքվեի արդյունքներից, որը նախատեսված է մարտի 16-ին: Եվս 5 մլրդ դոլարի նյութական օգնություն Ղրիմին կհատկացվի ռուսական ընկերությունների կողմից ներդրումային նախագծերի միջոցով: «Սա պարզապես նորմալ բիզնես է»,-ասել է նա:
Անդրադառնալով Արեւմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությանը, Ուլյուկաեւը պարզաբանել է, որ 3 մլրդ դոլարն Ուկրաինայի համար ներդրվել են եվրոբոնդերի մեջ:
«Մենք կարող ենք դրանք վաճառել շուկայում, եթե գնորդ լինի: Մենք կարող ենք փորձել դրանք վաճառել էմիտենտի, բայց դա ամբողջությամբ կարգավորվում է նորմալ իրավական նորմերով: Բայց մենք չենք կարող այդ միջոցները առգրավել Ուկրաինայից»,-նշել է նախարարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչ վերաբերում է մնացած 12 մլրդ դոլարին, Ռուսաստանը այդ հարցը կքննարկի Ուկրաինայի կառավարության հետ, «երբ կհայտնվի լեգիտիմ գործընկեր, առնվազն ընտրություններից հետո»:
«Մենք պետք է հասկանանք, թե ով է մեր գործընկերը, ինչ է նշանակում Ուկրաինայի կառավարություն, ինչ ծրագրով է նա ղեկավարվում, ովքեր են դրա կազմում, որ վստահ լինենք, որ դա ոչ ռիսկային ներդրում է»,-հայտարարել է նախարարը:



























