Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ազգային բյուրոն իր հոգունակությունն է հայտնել Շվեյցարիայի որոշման առթիվ՝ բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Դողու Փերինչեքի գործով, ով հրապարակավ հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

«Այդ համարձակ նախաձեռնությամբ Դաշնային ղեկավարությունը վերադարձրել է հույսը արդարադատությունը սիրող բոլոր մարդկանց, որոնք չեն կարող ընդունել գերհանդուրժողականությունը ատելության նկատմամբ, երբ թուրքական պետությունը քրեական քարոզչություն է վարում: Թուրքիայում մարդու իրավունքների ասոցացիայի ներկայացմամբ՝ դա ցեղասպանության շարունակությունն է»,-հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ կոչ անելով ՄԻԵԴ-ի Մեծ պալատին նոր գործընթաց սկսել, որն ավելի արդար եւ հավասարակշռված կլինի եւ տեղ կհատկացնի զոհերին, հաշվի կառնի նրանց շահերն ու իրավունքները:

Հիշեցնենք, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել էր  հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցը Շվեյցարիայի դեմ՝ իր վճիռը հիմնավորելով խոսքի ազատությամբ: Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ. Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար:

Նշենք, որ Եվրադատարանի վճիռը բողոքարկելու ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վճիռը:

Շվեյցարիայի արդարադատության դաշնային վարչության մամուլի ծառայության աշխատակից Ֆոլկո Գալլին հայտարարել է, որ Շվեյցարիան Եվրադատարանից կպահանջի մինչեւ մարտի 17-ը գործն ուղարկել Մեծ պալատ: