Կուտակային կենսաթոշակային համակարգը բնակարանները հասանելի է դարձնում երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր: Նման կարծիք հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ մարտի 14-ին Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստին, որին ներկա են եղել նաեւ գյուղատնտեսության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Ներկաների խնդրանքով վարչապետը մանրամասն ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: «Եթե ցանկանում ենք թոշակառուներին ապահովել երաշխավորված ապահով ծերություն, ապա այսօրվա գործող համակարգի՝ սերունդների համերաշխության սկզբունքի ներքո պետք է ավելացնել հարկային բեռը:  Աշխարհի լավագույն մասնագետները եւս նշում են, որ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ. աշխարհի երկրների մեծ մասը, որտեղ տեղի է ունենում բնակչության ծերացում, բախվում է դրան: Խնդրի լուծման մեկ բանաձեւ կա. աշխատողները պարտավոր են պետության հետ միասին մտածել իրենց ապահով ծերության մասին: Եթե այդ բեռը դրվի միայն եկամտահարկի վրա, ապա  խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հարցին՝ որքան պետք է անձը կուտակի, որպեսզի ունենա ապահով ծերություն, վարչապետը նշել է. «Մեր բոլոր հաշվարկները եւ միջազգային համադրումները ցույց են տալիս, որ այն պահին, երբ քաղաքացին անցնում է թոշակի, ապա նրա թոշակը չպետք է ավելի ցածր լինի, քան թոշակի անցնելու ընթացքում իր եկամտի 40 տոկոսը: Որպեսզի այդ ցուցանիշը կարողանանք ապահովել, ապա քաղաքացին իր աշխատանքային կենսագրության ընթացքում պետք է կուտակի իր եկամտի առնվազն 10 տոկոսը»:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ որպեսզի այդ 10 տոկոսը քաղաքացին կարողանա կուտակել եւ այն ծանր բեռ չլինի վերջինիս համար՝ պետությունն իր վրա է վերցրել կուտակումների 5 տոկոսը:

 Խոսելով խնայողությունները կորցնելու վտանգի մասին՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կառուցվել է խնայողությունների ապահովման գրագետ համակարգ, որը հաշվի է առնում տարբեր տեսակի ռիսկեր: Խնայողությունները հավաքագրվելու են համաշխարհային կուտակային հիմնադրամներում, որոնք, օգտագործելով դիվերսիֆիկացիայի գործիքը, գումարները տեղաբաշխելու են հուսալի արժեթղթերի մեջ: Խնայողությունները, Տիգրան Սարգսյանի խոսքով, ապահովվելու են  նույնիսկ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ: «Միակ տարբերակը, որ այդ խնայողությունները փոշիանան, ոչ թե համաշխարհային ճգնաժամն է, այլ համաշխարհային կոլապսը: Մեր օրենքը հաշվի է առնում բոլոր ռիսկերը եւ նկարագրում այնպիսի մեխանիզմ, որը երաշխավորում է խնայողությունների հուսալիությունը: Դրա համար էլ ՀՀ-ում գործում են համաշխարհային համբավ ունեցող երկու կառավարիչներ, որոնք լինելու են Կենտրոնական բանկի հսկողության ներքո»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

 Վարչապետը վստահեցրել է նաեւ, որ համակարգի արդյունքները տեսանելի են լինելու արագ: Խնայողությունների մի մասը տեղաբաշխվելու է ՀՀ-ում հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիփոթեքային ակտիվների մեջ: Դա, վարչապետի համոզմամբ, նշանակում է, որ ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր՝ 35-40 տարվա կտրվածքով, եւ այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան ու դրա համար վճարել 35 տարվա ընթացքում:

«Կուտակային համակարգը բնակարանները հասանելի է դարձնում մեր երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր: Այս խնայողությունները նպաստելու են ՀՀ տնտեսական աճին, որովհետեւ այդ գումարներն ուղղվելու են շինարարության ոլորտին՝ բնակարանաշինությանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, առեւտրի աշխուժացմանը, ներդրումային նոր ծրագրերին»,- նշել է Տիգրան Սարգսյանը»: