Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 14-ին, այցելել է մայրաքաղաքի Վ. Սարգսյան-3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ (համալիրը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների վարչական մասնաշենքերի համար):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը քաղաքաշինության նախարարի, Երեւանի քաղաքապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի եւ այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ դեռեւս 2013թ. ապրիլին մեկնարկած շինաշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան՝ արդեն ավարտված են մասնաշենքերի հիմնակմախքի շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ինժեներական հաղորդակցուղիների մոնտաժային, ինչպես նաեւ քարե սալիկներով արտաքին ճակատների երեսպատման աշխատանքները:
Նշվել է, որ համալիրի շինաշխատանքների 2-րդ փուլով, վարչական մասնաշենքի Զաքյան փողոցին նայող ճակատի հարեւանությամբ, նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա ավտոկայանատեղով եւ 8 վերգետնյա հարկերով նոր վարչական մասնաշենք, որի ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է շուրջ 5000 քմ: Շինարարությունը նախատեսված է ավարտել երկուսուկես տարում:


































