Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մինչ օրս գույքագրված 99 հասցեների սեփականատերերը նախ ծանուցվել են, որ սեփական միջոցներով պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեն եւ մաքրեն ու պատշաճ տեսքի բերեն տարածքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր աշխատանքների արդյունքում որոշ հողատարածքներ արդեն իսկ մաքրվել եւ կարգի են բերվել: Մի մասում համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ են:
Կախված հողատարածքի մակերեսի մեծությունից՝ սեփականատիրոջը տրվել է 5-20-օրյա ժամկետ՝ նշված աշխատանքների իրականացման համար: Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ ժամկետները խախտելու դեպքում սեփականատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության: Տուգանքի չափը կկազմի մինչեւ 200 հազար դրամ:
Անբարեխիղճ սեփականատերերի հայտնաբերումը, ինչպես նաեւ մաքրման համապատասխան աշխատանքների իրականացումը գտնվում է մշտական հսկողության ներքո:



























