Գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր մարտի 14-ին, մոտեցել է «Փակ շուկայի» մոտ ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանի համար դրահամահավաք անցկացնող ուսանողին եւ հարցրել, թե որքան գումար է հավաքվել, որտեղ է գնալու բուժման եւ ապաքինվելու ինչ հավանականություն կա։

«Վերջում էլ ասաց, որ ինքն էլ է գումար փոխանցել եւ սիրում է դերասանին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Գրիշա Սահակյանը։

Ուսանողի խոսքով՝ իրենց կազմակերպած  դրամահավաքի արդյունքում հավաքվել է շուրջ 4 միլիոն 200 հազար դրամ գումար, եւ դա ապացուցում է, որ մարդիկ սիրում են դերասանին։

«Ինձ մոտեցող մարդիկ ասում են, որ շուտ լավանա, հույսը չկտրի, որ իրենք աղոթում են Կարենի համա։ Մարդիկ կան, որ մոտենում, հարցնում են, թե ո՞վ է Կարեն Մկրտչյանը եւ նրան չճանաչելով գումար են փոխանցում»,- ասաց Գրիշա Սահակյանը՝ նշելով, որ  կան մարդիկ, ովքեր մանրադրամ են տալիս, օգնության առավելագույն գումարը, որ փողոցում գցում են օգնության արկղը,  20 000 դրամ է։ Նախաձեռնության անդամները հիմնականում շրջում են քաղաքի մարդաշատ վայրերում։

Ուսանողը պատմեց, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում նույնպես արկղ են տեղադրել Կարեն Մկրտչյանին օգնելու համար, եւ շատ հայտնի դերասաններ այնտեղ են գումար գցում դերասանի բուժման համար։

Գրիշա Սահակյանն իր հասակակիցներին կոչ արեց իրենց մասնակցությունն ունենալ դրամահավաքին. «Կարենի նման մարդիկ են, որ մասնակցել են Արցախյան ազատամարտին եւ կարողացել են այնպես անել, որ մենք այսօր խաղաղ ապրենք»։

Միայն այսօր «Փակ շուկայի» մոտ կանգնած ուսանողը հավաքել էր 270 հազար դրամ։  Գերմանիայում Կարեն Մկրտչյանի բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, մինչեւ հիմա հավաքվել է ավելի քան 30 հազար եվրո։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանը։ Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո ամիսներ շարունակ նա գտնվում  է անվասայլակին, սակայն այժմ նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903: