Հայաստանում   նախատեսվում է անցկացնել հեղինակային պոեզիայի առաջին համացանցային փառատոնը, որը նախաձեռնել է «ԲԵՄ» ստեղծագործական միավորումը:

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է փառատոնի  հիմնադիր Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի համալսարանի ռեկտոր Արմեն Նալբանդյանի հետ, որը պատմել է մրցույթի մանրամասների մասին:

Պարոն Նալբանդյան, ո՞րն է նման փառատոնի անցկացման նպատակը:

Փառատոնի հիմնական նպատակը հասարակությանը պոեզիայի շուրջ համախմբելն է, ինչպես նաև ստեղծագործական հակումներ ունեցող անձանց ոգեշնչելն ու ընթերցողների հետ անմիջական կապ ստեղծելը:

Ի՞նչ անվանակարգեր կան փառատոնում:

Մրցանակ  լավագույն հումանիստական բովանդակության համար, լավագույն հայրենասիրական շարք, լավագույն առակագիր, մրցանակ պատկերավոր մտածողության համար, և այլն։ Լավագույն գործերն իրենք իսկ կհուշեն անվանակարգերը:

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ փառատոնին մասնակցելու համար:

Փառատոնին կարող են մասնակցել  այն ստեղծագործողները, ովքեր կներկայացնեն արձակ կամ չափածո ստեղծագործություններ: Տարիքային սահմանափակում չկա։ Յուրաքանչյուր մասնակից խմբում կարող է տեղադրել առավելագույնը հինգ ստեղծագործություն, որոնք կհաստատվեն խմբի ադմինի կողմից։ Մասնակիցները պետք է ստեղծագործության հետ զուգահեռ ներկայացնեն իրենց կենսագրական տվյալները և մեկ լուսանկար: Ստեղծագործությունների զետեղման վերջնաժամկետն է մարտի 15-ը: Մրցույթը կանցկացվի երեք  փուլով` ստեղծագործությունների ներկայացում փառատոնի ֆեյսբուքյան  խմբում , փառատոնի ժյուրիի կողմից անվանակարգերի շնորհում, շքահանդես-պարգեւատրում:  Կլինի նաև «Ֆեյսբուքահայության համակրանք» անվանակարգ, որին կարժանանա ամենից շատ «լայք» հավաքած ստեղծագործությունը: Պոեզիայի փառատոնի ավարտին լույս կընծայվի տարեգիրք, որում տեղ կգտնեն ժյուրիի կողմից անվանակարգերի արժանացած ստեղծագործությունները:

Ինչո՞ւ որոշվեց փառատոնն անցկացնել  համացանցային ֆորմատով:

Համացանցը տալիս է անմիջական հնարավորություն ավելի թափանցիկ լինել հանրության առջև, և հանրությունն էլ իր հերթին հանդիսանում է «դե ֆակտո» ժյուրի, քանի որ ունենք նաև «Ֆեյսբուքահայության համակրանք» մրցանակ: