Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարությունը, որտեղ հիշեցրել է, որ եվրոպական կողմը հրաժարվել էր Հայաստանի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:
Բարոզուն մանրամասն անդրադարձել էր ԵՄ «արեւելյան հարեւանների» հետ Ռուսաստանի հարաբերությունների թեմային:
Նա մասնավորապես, հայտարարել է. «Մենք չենք խնդրում եւ անգամ չենք առաջարկում «Արեւելյան գործընկերության» մեր գործընկերներին մեջքով շրջվել Ռուսաստանին: Հակառակը՝ մենք կոչ ենք անում նրանց մոսկվայի հետ պահպանել բարիդրացիական հարաբերությունները, զարգացնել ավանդական առեւտրային կապերը»:
«Այսօրվա համատեքստից դուրս, նման արտահայտությունները կարելի կլիներ ողջունել: Միաժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահին կցանկանայինք հիշեցնել հետեւյալը. «Նա ինքն էր պնդում, որ «Ուկրաինան չի կարող միաժամանակ միանալ Մաքսային միությանը եւ ԵՄ-ի հետ ստեղծել ազատ առեւտրի գոտի» (ասվել է 2011-ի ապրիլին՝ նախագահ Յանուկովիչի հետ բանակցություններից հետո), կամ որ «անհրաժեշտ է հստակ հայտարարել, որ անհնար է միաժամանակ լինել ՄՄ-ի անդամ եւ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մեջ լինել (ասվել է 2013-ի փետրվարին Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովից հետո կայացած բրիֆինգի ժամանակ)»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Հայտարարությունում ընդգծվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահի եւ նար գործընկերների գործողություններում ու որոշումներում հետեւողականության որոնելու տեսանկյունից պետք է հասկանալ հետեւյալը. Եվրահանձնաժողովը 2013-ի աշնանը մերժել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու վերաբերյալ Հայաստանի առաջարկը՝ վկայակոչելով, որ քաղաքական ասոցացումը եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը հնարավոր են միայն մեկ փաթեթում, իսկ 21014-ի մարտին որոշվել է Ուկրաինայի հետ շտապ ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման միայն քաղաքակա՞ն մասը:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ 2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ (Հայաստանի ՄՄ-ին միանալու մասին), «Արեւելյան գործընկերությունը» համակարգող եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել էր, որ «Մաքսային միության եւ ԵՄ-ի հետ ասոցացման ու խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում պարտավորությունների համատեղումը խնդրահարույց է»:
«Ինչի՞ մասին է դա խոսում. Եվրահանձնաժողովը երկար ժամանակ հրաժարվում էր նկատել ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի մասնակցությամբ Մաքսային միությունը, որը նախատեսում է կազմակերպության անդամ երկրների առեւտրային հարաբերությունները այլ երկրների հետ: Ավելին, Բրյուսելը, «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսյան գագաթաժողովի նախապատրասման փուլում շեշտադրում էր «կամ, կամ» մոտեցումը: Այսօր շատ վերլուծաբաններ, որոնք ունակ են սթափ ընկալել ուկրաինական իրադարձությունները եւ մտածում են իրենց երկրների շահերի մասին, նշում են, որ գլխավոր խնդիրը, որն Ուկրաինայում պայթյուն առաջացրեց, ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում իրատեսական մեխանիզմ մշակելու ունակության բացակայությունն է»,-ընդգծել են ԱԳՆ-ում, հավելելով, որ Եվրահանձնաժողովի նախագահի ներկա հայտարարությունները փորձ են արդարանալ եւ հասնել պատմական գործընթացի շարժման հետեւից:
«Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս առաջարկել է ավելի լայն խորհել, համատեղ աշխատել Լիսաբոնից Վլադիվոստոկ միացյալ տնտեսական միջավայրի կառուցման վերաբերյալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ՝ դրա հիմքում ընդունելով եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների համադրումը: Այս առաջարկներն ուժի մեջ են նաեւ այսօր»,- ընդգծվում է հայտարարության մեջ:



























