ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սպիտակցի աղջնակի դպրոց չհաճախելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահանջ է ներկայացրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Սպիտակի 10-ամյա բնակչուհի Ինգա Դումանալյանն ունի առաջին կարգի հաշմանդամություն, որը ոչ մի կերպ կապ չունի նրա սովորելու ընդունակությունների հետ:

Երեխայի համար դպրոցի տնօրենի որոշմամբ սահմանվել է տնային պայմաններում ուսում. նրա համար կազմակերպվում են միայն մայրենի լեզվի եւ մաթեմատիկայի դասեր: Ինգան եւ նրա մայրը պնդում են, որ Ինգան ընդունակ է սովորելու բոլոր առարկաները, սակայն պետությունը գումար է խնայում եւ չի կազմակերպում երեխայի լիարժեք կրթությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. մարտի 14-ին գրություն է ներկայացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ Սպիտակ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի վարչակազմի դրսեւորած ոչ իրավաչավ վարչարարության հիմքով վարչական վարույթ հարուցելու եւ համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջներով»: