Լոռիի մարզի Վանաձորի 34-ամյա բնակիչ Հայկ Ղ.-ն մեղադրվում է մաքսանենգությամբ մոտ 100 հազար դոլար Վրաստան տեղափոխելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսի 10-ին: Հայկը իր Lexus LX 470 ավտոմեքենայով Հայաստանից Վրաստան ուղեւորվելիս տեղափոխման համար թույլատրելի 5 մլն դրամին համարժեք 12150 ԱՄՆ դոլար գումարից բացի Բագրատաշենի մաքսակետի մաքսային հսկողությունը անցնելով, մեքենայի հետեւի ուղեւորի համար նախատեսված նստատեղի վրա պոլիէթիլենային տոպրակի մեջ տեղադրված վիճակում, փորձել է Վրաստան տեղափոխել մոտ 100 հազար դոլար կանխիկ գումար: Սակայն Հայկին դա չի հաջողվել եւ մաքսային կետում հայտնաբերվել է մաքսանենգված ապրանքը:
Հայկ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 34-րդ եւ 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 19-ին:



























