«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամ ազատամարտիկներին ահաբեկում են. ԱԱԾ են կանչում, զգուշացնում, որպեսզի չմասնակցեն Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանության համար կազմակերպված որեւէ բողոքի ակցիայի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
«Մարտի 11-ին ցույցի ժամանակ, երբ մենք նամակ հանձեցինք նախագահին, ակտիվ տղաներ կային, որոնք ելույթ են ունեցել. լրատվամիջոցների միջոցով իրենց խոսքն են հասցրել, նրանց հանդեպ հետապնդումներ են սկսվել, թե՛ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից, թե՛ ոստիկանության: Ոստիկանությունը գնում է տները, եթե տանը չեն լինում, գնում են բարեկամների տները ստուգելու, թե իրենք որտեղ են, առանց որեւիցե մի սանկցիայի: Մի քանիսին էլ հրավիրել են ԱԱԾ, ոմանց այցելել ու զգուշացրել են, որ այսուհետեւ չմասնակցեն Վոլոդյա Ավետիսյանի հետ կապված որեւիցե ակցիայի»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:
Ազատամարտիկի խոսքով, իրենց նաեւ մեքենաներով են հետեւում եւ փորձում վախի մթնոլորտ ստեղծել. «Մի քանի հոգի էլ կան, ում մեքենաներով են հետեւում: Ինձ էլ են հետեւել երեկ, բայց ես դա չեմ ուզում կապել մարտի 11-ի հետ, դա իմ նկատմամբ միշտ լինում է պարբերաբար , ես սովորել եմ, կարոտում եմ, երբ չեն լինում»:
Գագիկ Սարուխանյանը ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներին կոչ արեց միայն իրավական քայլեր կատարել եւ դուրս գալ հանցավոր դաշտից:
«Թող օրինապահ մարմինները չխոչընդոտեն մեր ազատ խոսքի եւ տեղաշարժման իրավունքը եւ չահաբեկեն քաղաքացիներին, սա միայն ապացուցւոմ է, որ այսօր իշխանությունները հանցավոր են: Մենք փորձում ենք պայքարել իշխանության դեմ օրինական դաշտում, թող իրենք էլ գործեն օրինական դաշտում»,- ասաց Սարուխանյանը:
Ազատամարտիկ Սեպուհ Ստեփանյանը (Ռեմբո) NEWS.am-ի հետ զրույցումասաց, որ իրեն եւս հետեւում են ոստիկանության աշխատակիցները:
«Մենք հանցագործությո՞ւն ենք արել, որ մեզ հետեւում են, մեր հարեւաններին էլ ասում են՝ իրանց զգուշացրեք, որ ձեզ հետեւում են, բայց մենք վախեցող չենք»,- բարկացած ասաց Ռեմբոն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»։


























